Հայաստանը թմրանյութերի արտադրող երկիր չէ, իսկ ներքին սպառումն ունի բավական համեստ ծավալներ: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության «Թմրնայութերի վերահսկողության միջազգային ռազմավարություն-2013» ամենամյա զեկույցում:

Զեկույցում նշվում է, թե Հայաստանը նաեւ քիչ հրապուրիչ է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար` փակ սահմանների պատճառով: «ԱՄՆ եւ Եվրամիության աջակցությամբ, Հայաստանը շարունակում է մշակել եւ իրականացնել սահմանների կառավարման ինտեգրման ռեժիմը եւ աշխատում է թմրանյութերի ապօրինի առաքումների հայտնաբերման միջոցների բարելավման ուղղությամբ»,- ասվումէ  զեկույցում:

Հայաստանում ամենատարածված արգելված թմրանյութը մարիխուանան է, որը մեծամասամբ աճեցվում է երկրի տարածքում: Կառավարությունը հովանավորում է մարիխուանայի եւ կակաչի ոչնչացման ամենամյա միջոցառումները: 2012թ. ոչնչացվել է մոտ 82 տոննա:

Ըստ զեկույցի, 2012թ. կրճտավել են թմրանյութերի առգրավման դեպքերը: Ոստիկանության տվյալներով, ներկրվում է օպիում Աֆղանստանից` Իրանի տարածքով, նաեւ այլ թմրանյութեր Թուրքիայից` Վրաստանի տարածքով:

Մաքսանենգության նոր միտումներից է պլաստիկե գնդերը գիշերով Արաքսը նետելը եւ նույն ճանապարհով գումար ստանալը: Որոշ սինթետիկ նյութեր բերվում են Ֆրանսիայից եւ Իսպանիայից: