ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԲՀ գործադիր տնօրեն
Բաբատունդե Օսոտիմեհինը մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով:
Ուղերձում ասվում է.
«Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ցանկանում եմ օգտագործել առիթը եւ թարմացնել ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պարտավորությունը՝ ամրապնդելու եւ ընդլայնելու մեր ջանքերը, անելու ամեն ինչ, որպեսզի վերջ դրվի գենդերային բռնությանը: Գենդերային բռնությունը շարունակում է առողջության եւ մարդու իրավունքների առումով լուրջ մտահոգություն մնալ, եւ խոսք չի կարող լինել մարդկային զարգացման մասին, քանի դեռ կանայք եւ աղջիկները շարունակում են տառապել բռնությունից կամ ապրում են բռնության վախով:
Այս տարի Կանանց միջազգային օրը համընկնում է Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի շարունակական հանդիպմանը, որն ընթանում է ՄԱԿ-ում, Նյու Յորքում եւ որն այս տարի ուշադրության կիզակետում է պահում կանանց նկատմամբ բռնության վերացման առաջնահերթ թեման:
Ամբողջ աշխարհում միլիոնավոր կանայք եւ աղջիկներ ենթարկվում են բռնության բոլոր տեսակներին, այդ թվում` բռնաբարության, զուգընկերոջ կողմից բռնության, իգական սեռական օրգանների խեղման/հատման, մանուկ հասակում ամուսնության, ինչպես նաեւ սեռական բռնության՝ զինված հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի ընթացքում:
Բռնության ենթարկված կանայք եւ աղջիկները կարող են տեւական հոգեկան ցավ ունենալ, մերժվել իրենց ընտանիքների եւ համայնքների կողմից, զուրկ մնալ առողջապահական ծառայություններից եւ չունենալ տնտեսական ինքնաբավության հնարավորություն: Բացի այդ, կան ուղղակի ֆիզիկական հետեւանքներ: Սեռական բռնությունը կարող է հանգեցնել անցանկալի հղիության, անապահով աբորտների, տրավմատիկ խուղակի եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, որոնք բոլորն կարող են ճակատագրական լինել: Որպես համաշխարհային հանրության մաս, մենք պարտավոր ենք ապահովել, որ մարդու իրավունքների այդ խախտումները վերջ գտնեն:
Հիմնվելով Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի աշխատանքի վրա եւ շարունակելով այն, մենք պետք է ի մի գանք՝ հասնելու համար միջազգայնորեն համաձայնեցված կոնսենսուսի, ինչը մեզ կմոտեցնի կանանց եւ աղջիկներին անվտանգ եւ բռնությունից կամ բռնության սպառնալիքից զերծ պահելու իղձին: Սա մեր հնարավորությունն է՝ դրական ազդեցություն ունենալու միլիոնների կյանքի վրա: Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդ հնարավորությունը բաց թողնելու ճոխությունը:




























