ԱՄՆ-ը ցանկանում է Ադրբեջանում տեսնել ազատ եւ արդար ընտրությունների անցկացում, հայտարարել է բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Սակայն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար բավարար չէ քվեարկության օրը ինչ-ինչ միջոցներ ձեռնարկելը… Հուսով ենք, որ ընտրություններից հետո կարող ենք ասել, որ ընտրություններն իսկապես ազատ եւ արդար էին»,- ասել է դեսպանը` մեկնաբանելով քաղաքական իրավիճակը հոկտեմբերի 16-ին կաանալիք նախագահական ընտրությունների նախօրեին:

Պատասխանելով հարցին, թե որքանով է համապատասխանում ժողովրդավարությանը` Իլհամ Ալիեւի` երրորդ ժամկետով առաջադրվելը, Մորնինգսթարը դիվանագիտական պատասխան է տվել. «Հիմնական հարցը, որին մենք ուշադրություն եւ նշանակություն ենք տալիս, ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելն է, անկախ նրանից` ովքեր են թեկնածուները: Եթե խոսքն Իլհամ Ալիեւի թեկնածության մասին է, կառավարող կուսակցությունից թեկնածուի առաջադրումը կամ չառաջադրումը կախված է այդ կուսակցությունից: Բայց կարեւոր է, որ վերջնարդյունքում ով էլ լինի նախագահ, ընտրված լինի ադրբեջանցի ժողովրդի կողմից»: