ԱՄՆ-ում Subaru-ն հետ է կանչում 47,4 հազար ավտոմեքենա շարժիչի հեռակառավարման հետ կապված խնդիրների պատճառով։ Մտավախությունը վերաբերում է մասնավորապես այն փաստին, որ շարժիչը կարող է գործարկվել ինքնուրույն։ Այդ մասին ասվում է Մայրուղիներում երթեւեկության անվտանգության ազգային կառավարման (NHTSA) փաստաթղթերում։
Առաջին հերթին դա վերաբերում է 2010 – 2013 թվականներին արտադրված «Լեգասի» եւ «Աութբեկ» մոդելներին, 2012 – 2013 թվականների արտադրության «Իմպրեզա» սեդանին եւ 2013 թվականին արտադրված «Կրոստրեկ» քրոսովերին։ Այս մոդելների շարժիչների գործարկումը կարող է տեղի ունենալ, եթե հեռակառավարման վահանակով բրելոկը գետնին ընկնի։ Այդ դեպքում շարժիչը կշարունակի աշխատել 15 րոպես ընդմիջումներով, մինչեւ կամ մարտկոցը նստի կամ բենզինը վերջանա։ Եթե այդ ընթացքում մեքենան ավտոտնակում է, արտանետված գազերով թունավորվելու վտանգ գոյություն ունի, գրում է «Ուտրո.ռու»-ն։
Միեւնույն ժամանակ NHTSA- փաստաթղթերում գրված չէ դժբախտ դեպքերի մասին։ Subaru-ի ներկայացուցիչը նշել է, որ այս տեխնիկական անսարքության հետ կապված ոչ մի դժբախտ դեպք կամ վնասվածք չի գրանցվել։




























