Լոս Անջելեսի դատարանում այս շաբաթ քննվում է 51-ամյա հայի գործը, ում մեղադրում են  Գլենդելի 20-ամյա բնակչի սպանության մեջ։ Երիտասարդն սպանվել է 2005 թվականին՝  իր տան  կողոպուտի  ժամանակ։

Ինչպես փոխանցում է «Glendale News-Press»-ը, Լոս Անջելեսի շրջանի Գլխավոր դատարանի ատենակալները հաստատել են, որ Վրեժ Զադուրյանը, ով արդեն  բանտ է նստել  մեկ այլ հանցագործության համար, մեղավոր է 2005 թվականի նոյեմբերի 1-ին Քրիստոֆեր Շահնազարիին Գլենդելի իր տանն սպանելու եւ կողոպտելու մեջ։

Շահնազարիի տուն ներխուժած գողերը կապել են նրա մորն ու ծեծել։ Այդ ժամանակ տուն վերադարձած Քրիստոֆեր Շահնազարին փորձել է բացատրել չարագործներին, որ իր ընտանիքը գումար չունի։ Նախքան նրան այլ սենյակ կտեղափոխեին, նա համբուրել է մոր այտը, գրկել նրան ու ասել. «Ես սիրում եմ քեզ եւ թույլ չեմ տա, որ քեզ հետ բան պատահի»։

Սեւան Շահնազարին պատմել է, որ իր եղբորը դաժան ծեծել են։ Ապա Զադուրյանը ճակատագրական կրակոց է արձակել Քրիստոֆեր Շահնազարիի կրծքին։ Այդ ընթացքում մորը հաջողվել է փախչել։

Ոստիկանությունը սկզբում ձերբակալել է Էդմոնդ Հովասափյանին, երբ Քրիստոֆեր Շահնազարիի մայրն ասել է, որ նա նման է հանցագործներից մեկին։ Սակայն խուզարկուները հավաքել են ԴՆԹ-ի օրինակներն ու պարզել, որ Հովասափյանը չի կատարել այդ հանցագործությունը, եւ նրա վրայից հանվել է մեղադրանքը։ Հովասափյանը դատի է տվել  Գլենդելի երկու ոստիկանին եւ քաղաքին՝  պահանջելով իրեն վճարել 1,31 մլն դոլար իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար։

2008 թվանկանին խուզարկուները Հովասափյանին կալանավորելու ընթացքում հարցաքննել ու ձերբակալել են նահանգի բանտում գտնվող Զադուրյանին։ Նրան ձերբակալել են, երբ ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ նա կապ ունի Քրիստոֆեր Շահնազարիի մահվան հետ։

Պատահարին մասնակից մյուս տղամադրիկ չեն բռնվել։ Քննիչները չեն հայտնաբերել այլ կասկածյալներ։ Սակայն ոստիկանությունը կշարունակի հետաքննությունն այն դեպքում, եթե հայտնաբերվեն Զադուրյանի հանցակիցները։ Զադուրյանի դատավճիռը կհրապարակվի մայիսի 1-ին։