Լիտվայի խորհրդարանի մարտի 14-ի լիագումար նիստում պաշտոնապես հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հետ միջխորհրդարանական կապերի խումբ ստեղծելու մասին։ Նիստի նախագահող Վիտաուտաս Հապշիսը կարդացել է խմբի ստեղծման մասին հայտարարությունը, խորհրդարանականներին հրավիրել է  միանալ եւ հայտարարել խմբի առաջին նիստի մասին։

Նախկին արտգործնախարար պահպանողական Աուդրոնյուս Աժուբալիսը վրդովմունք է հայտնել, որ նման խումբ ստեղծելը վնասում է Լիտվայի պաշտոնական արտաքին քաղաքականությանը։ «Այն, ինչ այժմ կարդացիք, հակասում է Սեյմի եւ կանոնադրության, եւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանձնարարականներին։ Սեյմը միջխորհրդարանական կապերի խումբ ստեղծում է այն պետությունների հետ, որոնք ստացել են միջազգային ճանաչում։ Տվյալ դեպքում նման խումբ չի կարող ստեղծվել Սեյմում, նման բաները մեր խորհրդարանն ու Լիտվայի պետությունը շատ տարօրինակ իրավիճակի առջեւ են կանգնեցնում, եւ մենք դառնում ենք քաղաքական խաղերի եւ կովկասյան ազգային փոքրամասնությունների հակամարտության հարթակ», - ասել է Աժուբալիսը, փոխանցում է DELFI-ը։

Խմբի հիմնադիրներից մեկը՝ Դանգուտե Միկուտենեն, նշել է, որ Սեյմում ստեղծվել են չճանաչված տարածաշրջանների հետ ընկերության այլ խմբեր եւս, որոնց կազմում, նրա խոսքով, կան նաեւ պահպանողականներ։ «Լիտվան ժողովրդավարական պետություն է, Սեյմի անդամի մանդատն ազատ է, Սեյմի անդամները կարող են ընկերություն անել այլ երկրների խորհրդարանների հետ, նույնիսկ եթե նրանք պաշտոնապես ճանաչված չեն։ Միգուցե շարունակե՞լ ցանկը, որի տակ  ստորագրել են նաեւ ձեր խմբակցության անդամները՝ Կուբա, Թայվան, Չեչնիա, Տիբեթ» - ասել է Միկուտենեն։