Շոտլանդական Ֆոլքերք մարզից Համայնքների պալատի անդամ Էրիկ Ջոյսը ձերբակալվել է հարբած վիճակում կռվից հետո: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ի երեկոյան` բրիտանական խորհրդարանի շենքի բարում, կարաոկեի երեկույթի ընթացքում, որտեղ 52-ամյա պատգամավորը այցելել է օգնականի հետ` արդեն իսկ հարբած վիճակում: Ջոյսը վիճել է այցելուներից մեկի հետ:
The Daily Mail թերթը հայտնում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը եւ Ջոյսի հակառակորդին փողոց դուրս բերել, սակայն Ջոյսը գնացել է նրա հետեւից եւ շարունակել կռիվը: Ոստիկանները ստիպված են եղել ձեռնաշղթաներ հագցնել Ջոյսին: Պատգմավորը տեղափոխվել է բաժին։
2012թ. փետրվարին նույնպես խորհրդարանի շենքի բարում Ջոյսը գլխով հարվածել էր պահպանողական կուսակցության երկու ներկայացուցիչների եւ երկու այլ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ հայհոյել էր ոստիկաններին, գրում է leta.ru-ն։
Այդ պատճառով Ջոյսին հեռացրել էին կուսակցությունից եւ տուգանել 3 հազար ֆունտով: Բացի դրանից նրան արգելել էին նաեւ երեք ամսվա ընթացքում լինել բարերում եւ ալկոհոլի խանութներում, ինչպես նաեւ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի երեկո դուրս գալ տնից:
2010թ. Ջոյսը ձերբակալվել էր նաեւ վթարից հետո քննությանը ներկայանալուց հրաժարվելու պատճառով, որի համար էլ մեկ տարով զրկվել էր վարորդական իրավունքից:




























