Թուրքիան եւս շուտով կունենա սեփական միջուկային զենքը։ Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացած արտապլանային հանդիպմանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն այսպիսի նախազգուշացմամբ դիմել է իր հույն գործընկերոջը՝ Գեորգիոս Պապանդրեուին, հաղորդում է թուրքական «Zaman» պարբերականը։

Նրա խոսքով, եթե Իրանը ստեղծում է ատոմային ռումբ, ապա դա սպառազինությունների մրցավազք է ստեղծում ողջ տարածաշրջանում, եւ Թուրքիան եւս կարող է դառնալ միջուկային տերություն։

«Ոչ միայն Թուրքիան, այլեւ Սաուդյան Արաբիան կցանկանա ունենալ միջուկային զենք։ Կարծում եմ, Հունաստանի համար միեւնույնը չէ, թե տարածաշրջանում ինչ գործընթացներ են տեղի ունենում»,- ընդգծել է Նաթանյահուն։

IzRus հաղորդմամբ, Պապանդրեուն Նաթանյահուի նախազգուշացմանը լրջությամբ է վերաբերվում, հատկապես նկատի ունենալով երկու երկրների ռազմական համագործակցությունը, որոնք վերջին շրջանում Անկարայի եւ Երուսաղեմի միջեւ հարաբերությունների վատացումից հետո՝ նկատելիորեն ակտիվացել են։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը եվրոպական բարեփոխումների կենտրոնի փորձագետների պատրաստած զեկույցում նշել էր, որ Թուրքիայի Ինջիրլիկ ռազմակայանում է գտնվում ԱՄՆ-ի միջուկային զենքը։