Այսօր՝ մարտի 20-ին, 84 տարեկան հասակում մահացել է Բանգլադեշի նախագահ Զիլուր Ռահմանը: Նա մահացել է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում, մահվան պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:
Զիլուր Ռահմանը 1952 թվականին միացել է բենգալյան ազատագրական շարժմանը: 1970 թվականին դարձել է Պակիստանի խորհրդարանի անդամ: Բանգլադեշի անկախության հռչակումից հետո Ռահմանը զբաղեցրել է «Ավամի լիգա» ձախ-կենտրոնամետ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը հաղթել է երկրում առաջին խորհրդարանական ընտրություններում, գրում է РБК-ն:
Ավելի ուշ՝ երկրի առաջին նախագահ Մուջիբուրա Ռահմանի սպանությունից հետո «Ավամի լիգան» ցրվել է եւ նրա անդամներին սկսել են հետապնդել: 1990 թվականից հետո, երբ կուսակցությունը կրկին դարձել է երկրի գլխավոր քաղաքական ուժերից մեկը, Զիլուր Ռահմանը զբաղեցրել է մի քանի նախարարական պաշտոններ:
2009 թվականին նա դարձել է Բանգլադեշի նախագահը: Քանի որ Ռահմանը միակ առաջադրված թեկնածուն էր, նա նախագահ է հռչակվել առանց քվեարկություն անցկացնելու:




























