Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման Իսրայել գալուն պես Բեն Հուրիոն օդանավակայանում իսրայելական իշխանություններին վստահեցրել է, որ երկու պետությունների միջեւ միությունն անխախտ է։ «Ես կարող եմ վստահորեն ասել, որ մեր միությունը հավերժ է», - ասել է նա Թել Ավիվ ժամանելուց հետո, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։  Օբամային օդանավակայանում դիմավորել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Ինչպես հաղորդում է  «Կուրսոր»-ը, Օբաման ելույթն սկսել է եբրայերեն մի քանի բառով։ Նա հատկապես խոսել է խաղաղ գործընթացից՝  հույս հայտնելով, որ շուտով Մերձավոր Արեւելքը կձերբազատվի  հակամարտություններից։

Արարողությունն ավարտվել է  պատվավոր  պահակախմբի հանդիսավոր քայլով։  Դրանից հետո Բարաք Օբաման այցելել է  «Երկաթե գմբեթի» համալիր, որը   տեղակայվել է Բեն Հուրիոն օդանավակայանում հատուկ նախագահի այցի համար։ Այդ համակարգերի  ձեռքբերման համար ֆինանսավորման մեծ մասն ԱՄՆ-ից է։

Բեն Հուրիոնից նախագահ Բարաք Օբաման ուղղաթիով ուղեւորվել է Երուսաղեմ։