NEWS.am-ը հատված է ներկայացնում Յորքի համալսարանի դոկտորանտ, «Stability: International Journal of Security and Development» ամսագրի խմբագրի օգնական Ալեքսանդրա Լյուիսի հոդվածից, որը հրապարակվել է «Atlantic-community.org» կայքում.

Լեռնային Ղարաբաղը, որի տարածքը վիճարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, արտացոլում է տեղական, տարածաշրջանային եւ միջազգային պայքարն իշխանության համար: «Ոչ խաղաղության, ոչ պատերազմի փակուղին» եւ շփման գծում հրադադարի պարբերաբար խախտումները ներկայացնում են տարածշրջանային զարգացման խնդիրների մանրաշխարհը, որոնք առաջին պլան էին մղվել ԽՍՀՄ փլուզումից հետո, 1991 թ-ին:

Այդ հարցերի թվում են ինքնորոշումը, ինքնիշխանությունը եւ քաղաքական ասոցացումը արեւմտյան, ռուսասանյան եւ մերձավորարեւելյան առանցքային դերակատարների արժեքների հետ: Հայաստանից մինչեւ Ադրբեջան, Ռուսաստանից մինչեւ ԱՄՆ, Իրանից մինչեւ Թուրքիա եւ ԵՄ-ից մինչեւ ՄԱԿ, չկան վիճելի տարածքի վերաբերյալ չեզոք խաղացողներ: Չնայած վերջին շրջանում ՆԱՏՕ-ի եւ մյուս միջազգային ռազմավարական դերակատարների աճող հետաքրքրությանը, հնարավոր է, տարածաշրջանի հետ կապված մրցակցող մոտեցումների առատության պատճառով ԼՂ դեպքը նվազ հասկանալի է մնում:

Ղարաբաղյան տարածշրջանում ներկայիս քաղաքական իրավիճակը հարկ է հասկանալ որպես փակուղի, ոչ թե որպես պատերազմի կարգավորում: Բոլորովին վերջերս անցկացվում էին բարձր մակարդակի հանդիպումներ` խնդրի վերջնական լուծման նպատակով: Այդուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պատերազմի վերսկսման շարունակվող սպառնալիքները հետեւողական կերպով խաթարում են բանակցությունները: Խաղաղության եւ զարգացման համար ընթացիկ մարտահրավերները կապված են պատերազմի ժառանգության, ինչպես նաեւ այնպիսի հիմնական հարցերի հետ, ինչպիսիք են ղարաբաղյան տրածաշրջանի ինքնորոշման իրավունքը եւ մրցակցող ազգային ինքնության եւ դիմակայող մշակույթի կառուցման հետ:

Անքակտելիորեն կապված լինելով ազգային հռետորաբանության հետ, որի ձեւավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ վարչակազմը, Լեռնային Ղարաբաղի դեպքը տարածաշրջանային զարգացման եւ խաղաղության աջակցության խնդիրների մանրաշխարհ է, որոնք կապված են քաղաքական վերակառուցման եւ Հարավային Կովկասում հեգեմոնիաներից մինչեւ բազմաբեւեռ հարաբերությունների ստեղծման հետ: Այս իմաստով Լեռնային Ղարաբաղը հակամարտության այսպես կոչված «տիպիկ օրինակ է»` առաջացած խորհրդային վարչակազմի փլուզումից հետո սահմանների վիճարկման արդյունքում: