Դեռ մինչ գահակալումն անհեթեթ պատահար է տեղի ունեցել Հռոմի նոր Պապի հետ: Ֆրանցիսկոսը որոշել էր ինքն անձամբ զանգահարել իր ընկերոջը` Ճիզվիտների միաբանության ղեկավար Ադոլֆ Նիկոլասին: Վատիկանի համակարգողը չի հավատացել, որ իրեն զանգահարել է անձամբ պոնտիֆիկը, քանի որ ավելի վաղ նա միշտ շփվել է Պապի քարտուղարի հետ, հայտնել է bitno.net-ը:

«Բարեւ, ես Հռոմի Պապն եմ ու կցանկանայի խոսել Ադոլֆ Նիկոլասի հետ»,-ասել է Ֆրանցիսկոս Պապը, ինչին ի պատասխան լսել է. «Այո՞: Ուրեմն ես էլ Նապոլեոնն եմ»:

Երբ պոնտիֆիկն իր զրուցակցին բացատրել է իրադրությունը, վերջինս ներողություն է խնդրել եւ միացրել է հեռախոսազանգը: Ինչպես հաղորդել է KM.RU-ն, Ֆրանցիսկոսը չի վիրավորվել «Նապոլեոնից», եւ խնդրել է նրան չանհանգստանալ:

Վատիկանում հաստատել են, որ այդպիսի խոսակցություն իրականում եղել է, եւ պատահարը բացատրել են Ֆրանցիսկոսի համեստությամբ, ով փորձել է ավելորդ անգամ չանհանգստացնել ծառայակցին, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

Հռոմի նոր Պապն ընտրվել է մարտի 13-ին, իսկ նրա գահակալության արարողությունը եղել է մարտի 19-ին: Լրատվամիջոցները հայտնել են` Ֆրանցիսկոսը հայտնի է իր համեստությամբ եւ պարզ կենսակերպով: Մասնավորապես, պոնտիֆիկ ընտրվելուց հետո, նա հրաժարվել է ծառայողական լիմուզինից եւ վարորդից, նրա մատանին պատրաստել են արծաթից, իսկ գահակալության արարողությունը կրճատել են մեկ ժամով: Ֆրանցիսկոսը նաեւ հրաժարվել է աշխատավարձից: