Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակն առաջարկել է պատգամավորներին քվեարկել ինքնացրման օգտին: Այդպիսի առաջարկություն նա արել է այն բանից հետո, երբ պատգամավորները հերթական անգամ չեն քվեարկել մի քանի բնակավայրերում տեղական ընտրություններ նշանակելու համար:
«Գուցե Գերագույն Ռադան ցրելու հարց դնել եւ քվեարկե՞լ դրա օգտին»,- առաջարկել է խոսնակը: «Սվոբոդա» խմբակցության պատգամավորները համաձայնել են, մնացածները կամ լռել են, կամ էլ նույնպես ինչ-որ բան են բղավել: Դրանից հետո Ռիբակն ասել է. «Ես տեսնում եմ, մեծամասնություն կրկին գոյություն չունի», հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
Ընդ որում, ամբողջ նիստի ընթացքում տարբեր խմբակցությունների պատգամավորներ իրենց բացականչություններով խանգարել են միմյանց` ելույթ ունենալ: «Սվոբոդա» աջ ուղղվածության կուսակցության պատգամավորները սկսել են բացականչել «ուկրաիներեն», երբ Ռեգիոնների կուսակցության, կամ Կոմկուսի խմբակցությունից ինչ-որ մեկը ելույթ է ունեցել ռուսերենով, իսկ «Սվոբոդա»-ի պատգամավորների ելույթների ժամանակ Ռեգիոնների կուսակցության պատգամավորները բղավել են «ֆաշիստներ»:




























