Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակն Ուկրաինային թույլ չի տա ազդել միավորման որոշումների կայացման վրա: Այդ մասին եվրոպական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

 «Ինտերֆաքսի» հարցին ի պատասխան վարչապետն ընդգծել է, որ ՄՄ երկրները հարգանքով կվերաբերվեն դիտորդ երկրի դիրքորոշմանը, կվերլուծեն այն, բայց «դիտորդը չի մասնակցում քվեարկությանը, եւ նա չունի այն իրավունքները, որոնք ունեն Եվրասիական տնտեսական միության կամ Եվրամիության մասնակիցները»:

Մեդվեդեւը նշել է, որ Մաքսային միությունն ուրախ կլինի իր կազմում տեսնել Ուկրաինային՝ խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող դիտորդի կարգավիճակում, հայտնում է rbc-ն: Բայց յուրաքանչյուր երկիր պետք է որոշի, թե ինչն է իր համար առավել կարեւոր, քանի որ սովորաբար դիտորդի կարգավիճակը բխում է երկու պատկերացումներից. Առաջինը երբ, ինչպես ասում են, հոտոտում ես օդը եւ հասկանում, թե ինչ է կատարվում: Դրանում վիրավորական բան չկա, բայց նաեւ առավելություններ էլ չեն լինի: Երկրորդը որեւէ կազմակերպությանը միավորվելու նախնական փուլն է», - ասել է ՌԴ վարչապետը:

«Ինտերֆաքս-Ուկրաինան» հիշեցնում է, որ մարտի 19-ին Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող դիտորդի կարգավիճակ է ակնկալում: Նա հստակեցրել էր, որ նման ձեւաչափի համագործակցության դեպքում Կիեւը որոշումների ընդունմանը մասնակցելու իրավունք կստանա, եւ ցանկացած փուլում, եթե առնչվեն ուկրաինական կողմի շահերին, դրանք խմբագրելու հնարավորություն: