Այսօր՝ մարտի 21-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկկողմ ջանքերի շնորհիվ արդեն մոտենում են եզրափակիչ փուլին։ Արդյունավետ ընթանում են նաեւ 2012թ. հունիսից մեկնարկած Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները:
Զրուցակիցները նշել են, որ Հայաստանի եւ Եվրամիության նպատակն է մինչեւ 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթնաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցությունները:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ հաջողությամբ ընթանում են նաեւ Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող՝ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երեւանում:
Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարեւորել են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը։
Անդրադարձ է կատարվել նաեւ Ասոցացման օրակարգի ձեւավորման շուրջ քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագրին:
Վիգանդը բարձր է գնահատել հայկական կողմի կատարած աշխատանքները:




























