Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին օգնելու նպատակով դոնորների խորհրդաժողով կազմակերպելու հանձնառությանը. այդ մասին մարտի 20-ին, Բրյուսելում հայտարարեց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին: 

«Որեւէ կասկած այս հարցում չկա․ Հայաստանում վերջերս մեծ առաջընթաց է արձանագրվել, կան հիմնարար փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի կառավարության կողմից, ես վստահ եմ, որ նրանք հաշվի են առնում նաեւ մեր որոշ հանձնարարականներն ու դիտողությունները: Եվ մենք կարող ենք արդեն սկսել քննարկել այդ խորհրդաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր», - ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտոնական Բրյուսելը հայտարարել էր, թե ուշադրութամբ հետեւելու է Հայաստանի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին եւ եթե դրանք համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին ու կատարվեն նաեւ մի շարք այլ բարեփոխումներ՝ Եվրամիությունը պատրաստ է նախաձեռնել դոնորների միջազգային խորհրդաժողով՝ Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով: Այժմ, փաստորեն, Եվրամիության հանձնակատարը նշում է, թե Բրյուսելում պատրաստ են անցնել խորհրդաժողովի անցկացման հաջորդ՝ կազմակերպչական փուլին:

Հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ Շտեֆան Ֆյուլեն դրական գնահատականը է հնչեցրել նաեւ մարտի 20-ին, Եվրախորհրդարանում, որտեղ հաշվետվություն էր ներկայացնում 2012-ին ետխորհրդային 6 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում արձանագրված առաջընթացի ու բացթողումների մասին: Ընդգծելով, որ հայաստանյան վերջին ընտրությունները հիմնականում թափանցիկ էին եւ լուրջ ջանք էր գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու համար, Բրյուսելի պաշտոնական ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ իշխանությունները պետք է ավելին անեն հատկապես օրենքները կյանքում գործարկելու եւ կիրարկելու ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունները էլ ավելի սերտացնելու համար պաշտոնական Բրյուսելն այսօր 15 հանձնարարական տվեց Հայաստանի իշխանություններին, որոնցից մի քանիսն, ի դեպ, առաջին անգամը չեն բարձրաձայնվում: Առաջին կետով Բրյուսելը կոչ է անում հետամուտ լինել վերջին ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների արձանագրած բացթողումներին ու մտահոգություններին եւ բարեփոխել ընտրական օրենսդրությունը նախագահական ընտրություններից հետո: Երկրորդ կետով Բրյուսելը վերստին կոչ է անում լիարժեք հետաքննել 2008 թվականի Մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունները, ինչպես նաեւ ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները՝ կալանավայրերում իրականացված վատ վերաբերմունքի եւ խախտումների վերաբերյալ:

Առաջնահերթ հանձնարարականների շարքում Եվրամիությունը նաեւ մատնանշում է կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ անցած տարվա ընթացքում սահմանափակ քայլեր են ձեռնարկվել բարձր օղակներում կաշառակերությունը կրճատելու ուղղությամբ: Տնտեսության ոլորտում Եվրամիությունը հանձնարարում է ավելի մեծ ջանքեր գործադրել մրցակցային միջավայր ստեղծելու եւ հարկահավաքությունը բարելավելու ուղղությամբ, մարդու իրավունքների դաշտում՝ կրկին կոչ անում բարեփոխել դատական եւ իրավապահ համակարգերը, ինչպես նաեւ երաշխավորել անկախությունն ու բազմակարծությունը լրատվական դաշտում:

Ներքաղաքական այս հարցերից բացի Եվրամիությունը նաեւ Ղարաբաղի հակամարտությանն է անդրադառնում՝ հորդորելով արագացնել ջանքերը Ադրբեջանի հետ Մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, ինչպես նաեւ երաշխավորել Եվրամիության ներկայացուցիչների անարգել մուտքը Ղարաբաղ ու շրջակա տարածքներ: Փաստենք, որ վերջին երկու հանձնարարականները նույնությամբ նշված են նաեւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում, որի իշխանությունները, սակայն, ի տարբերություն Հայաստանի, առայժմ հրապարակավ համաձայնություն չեն տվել Եվրամիության դիվանագետների համար անարգել մուտք ապահովեու առաջարկին:

«Եվրամիության հարեւանության քաղաքականության նոր տարրերից մեկն էլ այն է, որ մենք այժմ ներառում ենք նաեւ այս տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորումը: Այժմ այն վիճակը չէ, երբ մենք կենտրոնանում էինք մեր երկկողմ հարաբերությունների վրա, իսկ ինչ-որ մեկը առանձին փորձում էր ճանապարհներ գտնել այս հակամարտությունների ու դրանց հետեւանքների վերացման համար», -պարզաբանեց Ֆյուլեն՝ դիմելով Եվրոպացի պատգամավորներին:

Խորհրդարանի իր ելույթում, ինչպես նաեւ դրան հետեւած ասուլիսում Ընդարձակման հարցերով հանձնակատարը մի քանի անգամ հիշեցրել է Եվրամիության հայտնի սկզբունքը՝ ավելին ավելիի դիմաց, ինչը նշանակում է, որ Բրյուսելի տված այս հերթական հանձնարարականների կատարումից է նաեւ մեծապես կախված՝ որքան գումար կստանա հաջորդ տարի Հայաստանը ԵՄ-ից եւ ինչպիսին կլինեն երկկողմ հարաբերությունները առաջիկայում: