Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները հաջող են ընթանում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Բրյուսելում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում: Նա ուրախությամբ նշել է, որ Eurobarometer-ի վերջին հարցման արդյունքում, որ անցկացվել է Արեւելյան եւ Հարավային գործընկերության երկրներում, այդ երկրների բնակիչները մարդու իրավունքներն ու համերաշխությունն անվանել են ԵՄ ամենաներկայացուցչական արժեքները: Ֆյուլեն դա եվրոպական քաղաքական արդյունք է անվանել:
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ գործընկեր-երկրների հետ համաձայնեցված բարեփոխումների նպատակն իրականում արտացոլում է այդ երկրները խնդիրներն ու հույսերը: Եւ այստեղ այդ երկրների խորհրդարանների հետ համագործակցությունն առանցքային դեր է խաղում: Մասնավորապես Վրաստանում մենք դարձանք իշխանության ժողովրդավարական փոխանցումից հետո բարդ գոյակցության ականատեսը: Սակայն մեծամասնության եւ փոքրամասնության միջեւ կառուցողական երկխոսություն է ընթանում, իսկ հետընտրական լարվածության մեղմացման համար կարեւոր գործնական քայլեր են արվում»,- ասել է Ֆյուլեն:
Նա նշել է առաջընթացը, որ ձեռք է բերվել Մոլդովայի, Վրաստանի եւ Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում: Բանակցությունները դեռ շարունակվում են Ադրբեջանի հետ:




























