Մարտի 20-ին Բուենոս Այրեսում անցկացվել են Ֆրանկոֆոնիային նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Արգենտինայում հավատարմագրված եւ կազմակերպության անդամ հանդիսացող 31 երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի, դեսպանությունների կողմից:

Կենտրոնական հանդիսությունը տեղի է ունեցել Արգենտինայի արտգործնախարարության «Մանուել Բելգրանո» սրահում, որի ընթացքում ելույթ են ունեցել Արգենտինայի ԱԳ առաջին փոխնախարար Էդուարդո Սուայինը, Ֆրանսիայի դեսպան Ժան Պիեռ Աստվածատուրյանը, Կանադայի դեսպան Գվիեթ Կուցը, Վրաստանի դեսպան  Գելա Սեխնիաշվիլին, Կոնգոյի գործերի հավատարմատար Յեմբա Լոհական: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել շվեյցարական երաժիշտներ, ֆրանսիական վարժարանի երգչախումբը, Կոնգոյից ժամանած թմբկահարներ: Հանդիսության ավարտին մրցանակներ են շնորհվել ֆրանսերեն լեզվին նվիրված մրցույթում հաղթած երիտասարդներին:

Ձեռնարկից հետո մասնակից երկրների դեսպանները ծաղկեպսակ են դրել Արգենտինայի ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

Մայրաքաղաքի կենտրոնական «Սան Մարտին» հրապարակում անցկացվել է ժողովրդական տոնախմբություն, որտեղ մասնակից երկրները ներկայացվել են առանձին տաղավարներով` իրենց տարածաշրջաններին հատուկ ազգային ուտեստներով, ձեռքի աշխատանքներով եւ երկրների մասին պատմող տպագիր նյութերով:

Օրվա երկրորդ կեսին հրապարակում հանդես են եկել ազգային պարախմբեր, այդ թվում նաեւ հայկական տեղական «Գայանե» պարախումբը: