Այսօր՝ մարտի 21-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները առավել կամրապնդվեն, կխորանանան եւ զգալի ձեռքբերումներ կարձանագրվեն՝ ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը` կարեւորելով փոխադարձ շփումները, կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-հնդկական փոխգործակցության զարգացմանը երկկողմ կարեւորություն ունեցող ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը կարեւոր է համարել համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի եւ կրթության բնագավառներում:
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է, որ իր ջանքերը կներդնի հայ-հնդկական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու տարբեր ուղղություններով: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Դեսպանը անհրաժեշտ է համարել առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը:




























