Ամանորյա բուռն արձակուրդներից հետո Կամբոջայի բանտում արդեն մի քանի ամիս փակված ռուսաստանցի գործարար Սերգեյ Պոլոնսկիին իրավաբանական եւ այլ աջակցություն կստանա Օլեգ Դերիպասկայի «Բազել» ընկերությունից: Առաջիկայում ընկերության իրավաբանները կմեկնեն Կամբոջա:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ Պոլոնսկին եւ Դերիպասկան համագործակցում էին, անգամ համատեղ նախագծի վրա էին աշխատում՝ մտադրվելով Մոսկվայի կենտրոնում բազմագործառութային համալիր կառուցել: Սակայն նրանց ծրագրերը չիրականացան, որոշ տվյալներով՝ գործարարները փոխհամաձայնության չէին հասել:
Հիշեցնենք, բանտարկված Պոլոնսկին հոգեբանական խոր ճգնաժամ է ապրում: Նա ռուսական դիվանագետներին խնդրել էր իրեն հոգեբանական օգնություն ցուցաբերել, սակայն ԱԳՆ-ից պատասխանել էին, որ նման հարցերով չեն զբաղվում, նաեւ՝ միլիոնատիրոջը խորհուրդ էին տվել դիմել ֆրանսիացի մի հոգեբանի:



























