Ֆրանսիա-ԼՂՀ բարեկամության շրջանակի ստեղծումը կարեւոր քայլ է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար, Ֆրանսիա-Հայաստանի բարեկամության խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ սովորաբար բարեկամության խմբեր ստեղծվում են ինքնիշխան պետությունների միջեւ եւ այդ հանգամանքը հաշվի առնելով, Լիտվայի Սեյմում եւ Ֆրանսիայի Սենատում Ղարաբաղի հետ բարեկամության խմբերի ստեղծումը վկայությունն է այն բանի, որ Ղարաբաղի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա:
«Ես ավելի քան վստահ եմ, որ նման խմբեր կստեղվեն նաեւ այլ երկրների խորհրդարաններում»,-նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ պետք է հաշվի առնել, որ բարեկամության խմբերը ստեղծվել են ադրբեջանական կողմի հզոր դիմակայության եւ ագրեսիվ հարձակումների պայմաններում:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Փարիզում Ֆրանսիայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող մի խումբ քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ եւ սենատորներ երեկ՝ մարտի 19-ին, հայտարարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) հետ Բարեկամության շրջանակի ստեղծման մասին։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս կապակցությամբ նրանք հանդես են եկել հատուկ հայտարարությամբ, որում բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական ջանքերը՝ ուղղված ազատ եւ ժողովրդավարական հասարակության կերտմանը, կոչ են անում վերջ դնել Արցախի քաղաքական մեկուսացմանը եւ հայտնում են իրենց աջակցությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։
Բարեկամության շրջանակի անդամները դիմել են Ֆրանսիայի քաղաքական այլ գործիչներին՝ միանալու այս նախաձեռնությանը։
Շրջանակի կազմի մեջ են մտել Մարսելի առաջին փոխքաղաքապետ Ռոլան Բլյումը, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիլիեն, ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեն, Ռընե Ռուքեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Գի Տեսիեն, սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինին, Բերնար Ֆուրնիեն, ինչպես նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ռիշար Մալիեն։




























