Microsoft ընկերությունն առաջին անգամ բացահայտել է ԱՄՆ-ի եւ այլ երկրների իրավապահ մարմինների կողմից օգտվողների մասին հարցումների քանակական տվյալները: Տեղեկությունը ներկայացված է Law Enforcement Requests Report-ի 2012թ. զեկույցում:
Հարցման տվյալները վերաբերել են Outlook.com, SkyDrive, Xbox Live, Messenger, Skype եւ այլ ծառայություններին:
2012թ. համացանցային հսկան ընդհանուր առմամբ ստացել էր 75,3 հազաից ավելի հարցում ԱՄՆ-ի եւ այլ պետությունների կառավարական կառույցներից՝ պատասխանելով դրանցից 78%-ին: Ընդ որում, տվյալներն ամբողջովին հրապարակվել էին միայն 2,2% դեպքում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան կառույցները Microsoft-ին դիմել են 59 հազար 592 անգամ: Ձեռնակությունը համագործակցել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Բրազիլիայի, Կանադայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի եւ եւ այլոց հետ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ընկերության տվյալների` հարցման են ենթարկվել ինչպես IP-հասցեները, ազգանունները, փոստի հասցեներն, այնպես էլ անձնական նամակագրությունը, փաստաթղթերը եւ լուսանկարները: Տեղեկությունը բացահայտելուց առաջ Microsoft-ը պահանջել էր դատական հատուկ թույլտվություն ներկայացնել եւ ստուգել էր հարցման օրինականությունը: Skype-ի վերաբերյալ 4 հազար 713 հարցում է ստացվել, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։




























