Պերուում ոստիկանական հատուկ ջոկատը ձերբակալել է Ֆիլեմոն Պարային, ով 20 տարի շարունակ հետախուզման մեջ է եղել:

«Ընկեր Անտոնի» մականունով հայտնի Պարան ձերբակալության պահին իր մոտ ունեցել է  ինքնությունը հաստատող մի քանի կեղծ փաստաթղթեր: Օպերատիվ տվյալներով` նա «Սենդերո լումինոսո» (Պայծառ լույս) ահաբեկչական կազմակերպության ստորաբաժանումներից մեկում գլխավորել է մարդասպանների խումբը:

Քսան տարվա ահաբեկչական գործունեության ընթացքում Պարան առնչություն է ունեցել ավելի քան 20 սպանությունների: Հայտնի է, որ 1993 թվականին նրա ղեկավարած խումբը հարձակվել է ոստիկանական ստորաբաժանման վրա, որի հետեւանքով մահացել է 16 իրավապահ, հայտնում է  NEWSru.com-ը:

«Սենդերո լումինոսո» մաոիստական ահաբեկչական խումբը Պերուում ակտիվ գործունեություն է ծավալել 1990-ական թվականներից: Այդ ժամանակահատվածում նրա մղած «ժողովրդական պատերազմի» հետեւանքով,  զոհերի թիվը գերազանցել է 70 հազարը, իսկ պարտիզանական ջոկատներում մարդկանց թիվը միասին հաշված գերազանցել է 20 հազարը: