ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա՝ մարտի 27-ի լիագումար նիստում, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հրապարակել է մի խումբ պատգամավորների Հռչակագիրը ԼՂՀ Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին։
Ստորեւ ներկայացնում ենք Հռչակագրի տեքստը։
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Երախտագիտությամբ ընդունելով Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի պատգամավորների Հռչակագիրը Լիտվայի Սեյմասում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու մասին,
Վերահաստատելով Արցախի ժողովրդի հավատարմությունը ազգային ազատագրական պայքարի գաղափարներին ու նպատակներին եւ նկատի ունենալով, որ անկախության համար իրենց պայքարում Լիտվայի ու Արցախի ժողովուրդներն առաջնորդվել են ժողովրդավարական արժեքներով եւ միջազգային իրավունքի նույն նորմերով ու սկզբունքներով,
Կարեւորելով ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրարկումը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում, որպես ժողովուրդների անվտանգության եւ ժողովրդավարական զարգացման ապահովման միակ հնարավոր երաշխիք,
Գնահատելով Լիտվայի Հանրապետության Սեյմասի պատգամավորների պատրաստակամությունը սատարելու միջազգային հանրությանը Արցախի Հանրապետության ներգրավմանը` որպես Արցախի ժողովրդի ազատ եւ ինքնիշխան ապրելու իրավունքին Լիտվայի կողմից ցուցադրված օժանդակության շարունակություն,
Նպատակ ունենալով արդյունավետորեն խորացնել Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ միջխորհրդարանական կապերը` հանուն մեր ժողովուրդների եվ պետությունների բարեկամությանը,
Մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիտվայի Հանրապետության Սեյմասի հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին:
Հռչակագիրը ստորագրել են Վ. Աթանեսյանը, Գ. Պետրոսյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Պետրոսյանը եւ Վ. Բալայանը:




























