Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL) այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին տեղի կունենա «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասի անվտանգությունը» խորագրով հանդիպում-քննարկում՝ կազմակերպված Լոնդոնի համալսարանական քոլեջի հայկական ուսանողական միության եւ Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից։
Քննարկումը կնախագահի համալսարանի ակնառու դասախոսներից, սլավոնական եւ արեւելաեվրոպագիտության դպրոցի դոկտոր’ Փիթեր Դանքնը: Արցախյան շարժման 25-ամյակի, սումգայիթյան ողբերգության, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների հետ կապված ելույթներով հանդես կգան ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, ինչպես նաեւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։ Ելույթներից հետո բանախոսները կպատասխանեն ինչպես ներկաների, այնպես էլ բազմաթիվ օնլայն դիտողների հարցերին։



























