Խորհրդարանականների կարծիքները պատմական խնդիրների առնչությամբ կարող են տարբեր լինել, սակայն Սեյմի պատգամավորները պետք է հարմարվեն երկրում ժողովրդավարության եւ բազմակարծության առկայության հետ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Լիտվա-ԼՂՀ բարեկամական խմբի անդամ Պովիլաս Ուրբշիսը` նշելով, որ չի ցանկանում իջնել այն մակարդակի, որ մեկնաբանի ընդդիմադիրների` Լիտվա-ԼՂՀ բարեկամական խմբի հասցեին արված արտահայտությունները:
Հարցին, որ արդյոք Լիտվա-ԼՂՀ բարեկամական խումբը կդադարեցնի՞ իր գոյությունը` Սեյմում գտնվող ընդդիմադիրների ճնշման հետեւանքով, Ուրբշիսը պատասխանել է. «Այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ Լիտվա-ԼՂՀ բարեկամական խմբի անդամները խմբի մեջ ընդգրկվել են առանց եսասիրական նպատակների: Մեզանից յուրաքանչյուրն այս խմբին անդամագրվել է` ելնելով մեր բարոյա-քաղաքական համոզմունքներից:Քաղաքականության մեջ պետք է բարոյականություն լինի եւ չպետք է միայն առաջնային համարվեն ռացիոնալ հարաբերությունները, որոնք արտացոլում են տնտեսական շահերը»:
Անդրադառնալով խմբի ստեղծման նպատակին, պատգաավորը նշել է. «Խմբի նպատակն է հնարավորություն ստեղծել հակամարտող կողմերին կարգավորելու հարաբերությունները: Միակողմանի հարաբերության առկայության դեպքում կարող է ձեւավորվել խնդրին միակողմանի մոտեցում, ինչը թույլ կտա Ադրբեջանին դիմել հակաժողովրդավարական քայլերի:Եթե Լիտվայի Սեյմը մտադիր է օգտակար լինել ղարաբաղյան հարցի երկկողմանի լուծմանն, ապա Լիտվա-Ղարաբաղ բարեկամական խմբի առկայությունը դրան միայն օգտակար կլինի»:




























