Միացյալ Նահանգներն ու Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Սիվիլիթաս» հիմնադրամը եւ «Սիվիլնեթը» համարում են իրենց գործընկերը: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Մենք նաեւ համարում ենք, որ նրանք քննադատական նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության համար եւ հենց այդ պատճառով մենք այդպես սերտորեն աշխատում ենք նրանց հետ»,-հայտարարել է դեսպանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ երեք նախագիծ է իրականացրել եւ իրենք որեւէ խնդիր չեն ունեցել այն հարցում, թե ինչպես են ծախսվել ամերիկացի հարկատուների գումարները:
«Ինչպես դուք գիտեք, ոչ ոք չի հայտնել որեւէ խախտման մասին: Մենք համարում ենք, որ ԱԱԾ-ն կամ որեւէ այլ մեկը հետաքննելու ոչինչ չունի, առավել եւս՝ քրեական բնույթի»,-ընդգծել է Հեֆերնը:
Հարցին, թե ինքը «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործը կապո՞ւմ է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի քաղաքական գործունեության հետ, ով քննադատում է գործող իշխանություններին, ԱՄՆ դեսպանը պատասխանել է, որ Օսկանյանի գործով ինքը հանդես է եկել նախորդ տարի, երբ Հայաստանի ԱԺ-ում բարձրացվել էր Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Նա նաեւ ընդգծել է, որ հավատարիմ է մնում իր նախորդ հայտարարությանը:
Անդրադառնալով «Սիվիլիթասի» դեմ հարուցված քրեական գործի հետաքննության ընթացքին եւ դրանում քաղաքական ենթատեքստի առկայությանը, դեսպանը նշել է, որ չի կարող դատել այլոց մոտիվների մասին: «Ես չեմ կարող ասել դա, բայց ես կարող եմ, թե դա ինչ չէ եւ դա պարզ նկարագրել եմ: Իմ կարծիքով՝ դա ոչ լեգիտիմ քրեական հետաքննություն է»,-ընդգծել է դեսպանը:




























