Գերմանիան գոհ է «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ համագործակցությունից, քանի որ դա նպաստում է Հայաստանում դրական փոփոխություններին, մասնավորապես, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման հարցում: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, մամուլի ասուլիսում նշել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը՝ հավելելով, որ խոսքը հիմնականում վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտին, որը լուսաբանում է տարբեր իրադարձություններ, ինչպես օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանին վերաբերող իրադարձությունները:
«Մենք կարեւորում ենք «Սիվիլիթասի» գործունեությունը եւ հենց դրա համար էլ ֆինանսավորում ենք այն: Ոչ մի վատ բան չկա կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ, որը գործում է օրենքով»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ դեսպանատունը մի շարք նախագծեր է իրականացրել «Սիվիլիթասի» հետ եւ որեւ խնդիր այդ ընթացքում չի ծագել:
«Երկրորդը, որի վրա կցանկանայի ուշադրություն սեւեռել, դա օրենքի գերիշխանությունն է: Դա այն է, որ Հայաստանը ցանկանում է իրականացնել եւ «Սիվիլիթասի» դեպքում դա կարող է արվել, կամ՝ չարվել: Մեղադրել կարելի է միայն այն դեպքում, երբ դրա համար հիմքեր կան: Հայց ներկայացնելու համար անհրաժեշտ են նախնական հիմնավորումներ: Մինչ այս պահը ես չեմ լսել որեւէ իրական հիմնավորումների մասին»,-հայտարարել է Մորելը:
Բացի այդ, դեսպանը տարօրինակ է համարել, որ «Սիվիլիթասի» գործով զբաղվում է ԱԱԾ-ն: «Իմ կարծիքով՝ ԱԱԾ-ն հատուկ կազմակերպություն է, առնվազն Գերմանիայում: Ես չգիտեմ, թե ինչ հիմնավորմամբ է դա արվում, ես այստեղ միայն հյուր եմ, բայց ես դա չեմ հասկանում»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ Գերմանիայում նման հարցերով զբաղվում է դատախազությունն ու ոստիկանությունը:
Գերմանիայի դեսպանը նաեւ համարում է, որ «Սիվիլիթասի» դեմ հարուցված գործը կարող է փչացնել Հայաստանի վարկանիշը, որը նա փորձում է ստեղծել:




























