Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի գործը քննող դատավոր Ժանտիլը սպառնալիքներով նամակ է ստացել, նամակում հիշատակված են նաեւ դատավորի հարազատներն ու որոշ գործընկերներ:
Հայտնի է, որ Բորդո քաղաքի դատախազությունն այս գործով արդեն դիմել է իրավապահներին: Գերատեսչությունից պաշտոնական մեկնաբանություն դեռեւս չի ստացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Lenta.ru-ն, Le Parisien-ին վկայակոչելով, գրում է, որ Ժան Միշել Ժանտիլի ստացած նամակում նաեւ դատարկ փամփուշտներ են եղել:
Հիշեցնենք, Սարկոզին ներգրավված է L`Oreal-ի սեփականատեր Լիլիան Բեթանկուրի գործում, որի հետաքննությունը սկսվել էր 2007թ.-ից:
Քննության տվյալով՝ Ֆրանսիայի նախկին նախագահը կարող էր օգտվել Բեթանկուրի առողջական վիճակից՝ 2007թ. քարոզարշավի համար նրանից գումար ստանալով: Նախորդ շաբաթ Սարկոզիին մեղադրանքներ էին ներկայացվել:




























