Նպատակ հետապնդելով խթանել արդարադատությունը եւ մարդու իրավունքների չափանիշները Հայաստանում՝ 2013 թվականի հունվարին մեկնարկվել է «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագիծը: Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հայաստանյան հասարակական կազմակերպությունը կողմից, որի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական միության իրավունքի եւ Արդարադատության եվրոպական դատարանի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:
Ծրագրի ղեկավար Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Եվրոպայի, եվրոպական արժեքների, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների մասին խոսվում է գրեթե ամեն օր: «Այս արժեքներն ու չափանիշները գովաբանվում են, քննադատվում, սակայն դրանց վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմել ու դրանք գործնականում արդյունավետորեն կիրառել հաճախ դժվարանում են անգամ համապատասխան մասնագիտական կրթություն ստացած անձինք»,-նշել է Սահակյանն ու հավելել. «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին ծանոթ լինելը կօգնի մեր քաղաքացիներին առավել արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները»:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է իրականացնել բանավեճերի շարք ԵՄ-Հայաստան ինտեգրման գործընթացների մեջ ներգրավված մասնագետների մասնակցությամբ: Ծրագրվում է կազմակերպել աշխատաժողովներ Եվրոպական Միության, ԵՄ իրավունքի եւ Արդարադատության Եվրոպական դատարանի ու դրա նախադեպային իրավունքի վերաբերյալ: Աշխատաժողովները ուղղված են լինելու դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, իրավապաշտպաններին եւ իրավունքի դասախոսներին: Նախագծի ընթացքում մշակվելու են Եվրոպական Միության իրավունքի վերաբերյալ երկարաժամկետ եւ կարճաժամկետ դասընթացներ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու է դատախաղ-մրցույթ, որի հաղթող թիմը մեկնելու է Լյուքսեմբուրգ՝ Արդարադատության Եվրոպական դատարանում ուսումնաճանաչողական այց իրականացնելու համար:
Նախագիծը, ընդհանուր առմամբ, ուղղված է ՀՀ օրենսդրության արդյունավետ ներդաշնակեցման գործընթացներին աջակցելուն, ինպես նաեւ մարդու իրավունքների ԵՄ չափանիշները՝ ՀՀ իրավական համակարգ ինտեգրմանը նպաստելուն:
Նախագծի ընդհանուր տեւողությունը 12 ամիս է: Դրա իրականացման համար ԵՄ տրամադրած ֆինանսավորման չափը կազմում է 149, 491 եվրո:




























