Լոնդոնում ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկիի մահվան վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել: Ըստ այդմ, մարմնի հերձման ժամանակ բացահայտվել է, որ նրա կողոսկրը ջարդված է եղել, սակայն նրա մարմնի վրա, այդ թվում եւ կրծոսկրի հատվածում կապտուկների հետքեր չեն եղել:

Բորիս Բերեզովսկիի մահվան բոլոր հանգամանքները բացահայտելու համար կօգնի մարտի 28-ին նախատեսված դատական հետաքննությունը, գրում է The Guardian-ը:

Հիշեցնենք` Բորիս Բերեզովսկին մահացել է մարտի 23-ին` շաբաթ օրը: Նրա մարմինը գտել են Սուրեյի իր առանձնատան լոգարանում: Նա 67 տարեկան էր: Այդ ժամանակ հայտարարվել է, որ նրա դիակի վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Ոմանք, այդ թվում եւ գործարարի փաստաբանները, ենթադրել են, որ նա ինքնասպան է եղել:

Ավելի վաղ հայտարարվել է, որ Բերեզովսկին խեղդվել է: Բժիշկները մտադիր են անցկացնել տոկսիկոլոգիական եւ գիստոլոգիական հետազոտություններ, որոնք երկար ժամանակ են պահանջում:

Ինչպես գրել է ՌԲԿ-ն` օլիգարխի ընտանիքից հայտնել են, որ թաղումը կկայանա վեց շաբաթից ոչ շուտ, երբ ոստիկանությունը բոլոր փորձաքննություններից հետո կհանձնի նրա մարմինը: