Մարտի 27-ին մեկնարկել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի եռօրյա այցը Բուխարեստ, որ նախաձեռնել էր Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը։ Նույն օրը, Ռումինական Ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկի հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ գիտության ոլորտում գործակցության խթանման, բարձրագույն գիտական հաստատությունների միջեւ համագործակցության հաստատման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահը առանձնացրել է Հայաստանում գիտության ոլորտի գերակա ուղղությունները, դրանց զարգացման ուղղությամբ պետական քաղաքականությունը, ներկայացրել է առանձին նախագծեր։ Ռումինական կողմը, գնահատելով հայ ժողովրդի գիտական բարձր պոտենցիալը եւ էական ներդրումը ոչ միայն ազգային, այլեւ ռումինական գիտության զարգացման գործում, կարեւորել է գիտական համագործակցությանը նոր շունչ հաղորդելու նախաձեռնությունը եւ պատրաստակամություն հայտնել խթանել գործնական շփումները երկու երկրների գիտնականների եւ գիտական հաստատությունների միջեւ։
Հանդիպման ավարտին ՀՀ ԳԱԱ եւ Ռումինական Ակադեմիայի նախագահները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Ռումինիայի միջեւ Գիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։ Հանդիպմանը եւ ստորագրման արարողությանը ներկա են եղել Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինական Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ։
Համաձայնագրի ստորագրման արարողությանը հաջորդած ելույթների ժամանակ, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով հայ եւ ռումին ժողովուրդների դարավոր բարեկամության մասին՝ ակնածանք է հայտնել ռումինացիներին իրենց հողում հանգրվանած հայ ժողովրդի զավակների համար ստեղծագործական բեղմնավոր միջավայր ապահովելու համար։ ՀՀ ԳԱԱ նախագահը առաջարկեց ստորագրված համաձայնագիրը առավել առարկայացնելու եւ կյանքի կոչելու նպատակով, առաջիկայում աշխատանքային ծրագրեր հաստատել երկու երկրների գիտական ակադեմիաների առանձին ինստիտուտների միջեւ։
Եռօրյա այցի ընթացքում նախատեսված են նաեւ հանդիպումներ Միկրոտեխնոլոգիաների ազգային ինստիտուտում, Ռումինիայի Ազգային արխիվում, Ռումինական Ակադեմիայի գրադարանում ու Ռումինիայի պատմության ազգային թանգարանում, ուր պահվում են հայերին առնչվող նյութեր, ինչպես նաեւ այցելություններ Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարան եւ Կոտրոչենի թանգարան։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել նաեւ հայ համայնքի հետ, ուր հայապահպանության հարցերով մտքեր է փոխանակել Հայոց միության նախագահ, սենատոր, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանի եւ համայնքի երեւելի այլ գործիչների հետ:
Մեկուկեսդարյա պատմություն ունեցող Ռումինական ակադեմիայի անդամ են եղել մոտ մեկուկես տասնյակ ռումինահայեր, որոնց մեջ հայտնի անուններից են գրականագետ Կարապետ Իբրաիլեանուն, նշանավոր մաթեմատիկոս եւ մանկավարժ, կրթական համակարգի բարեփոխիչ, ակադեմիկոս, հետագայում նաեւ նախարար Սպիրու Հարեթը, տնտեսագետ եւ նախարար Վիրջիլ Մաջարուն, գերոնտոլոգ Աննա Ասլանը, կոմպոզիտոր Միհաիլ Ժորան: 2012թ. նոյեմբերին Ռումինական ակադեմիայի հետմահու անդամի կոչում է շնորհվել նշանավոր հայագետ Հակոբ Ջոլոյան Սիրունուն:




























