Ճապոնիայում այսօր մեկնարկել է  անպետք բջջային հեռախոսների, հին  լուսանկարչական սարքերի, միկրոալիքային վառարանների եւ այլ կեցաղային տեխնիկայի հավաքման եւ վերամշակման համազգային համակարգ, որոնցից կարելի է տարեկան ստանալ գրեթե միլիարդ դոլարի արժեքավոր եւ հազվագյուտ մետաղներ: Բնակչությունից այդ տեխնիկայի հավաքագրման կազմակերպումը հանձնարարվել է  տեղական ինքնակառավարման մարմիններին` կառավարության ֆինանսական աջակցությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Համակարգը վերամշակելու է կենցաղային տեխնիկայի ավելի քան 100 տեսակ: Բացի բջջային հեռախոսներից, հեռուստացույցների հին հեռակառավարման վահանակներից, թվային տեսախցիկներից առաջարկվում է հավաքել նաեւ փոշեկուլներ, տոստերներ եւ այլն: Դրանով զբաղվելու են լիազորագիր ունեցող հատուկ ընկերությունները:

Ըստ փորձագետների` Ճապոնիայում բնակիչները տարեկան ընդհանուր առմամբ 650 հազար տ կենցաղային տեխնիկա են դադարում օգտագործելուց:  Վերամշակման ընթացքում դրանից կարելի է ստանալ թանկարժեք, հազվագյուտ եւ տնտեսությանն անհրաժեշտ այլ մետաղներ` գրեթե 900 միլիոն դոլարի:

Խնդիրը միայն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները նման տեխնիկա հավաքագրելու փորձ, աշխատակիցներ չունեն: Նոր համակարգին մասնակցելու ցանկություն դեռ հայտնել է միայն Ճապոնիայի տեղական ինքնակառավարման մարմինների 34%-ը: