2012թ. արդյունքներով` Հայաստանի տնտեսությունը աճել է 7,2%-ով: Այդ մասին ասվում է Զարգացման եվրասիական բանկի Վերլուծական վարչության հրապաակած հերթական «ԱՊՀ-ի մակրոմոնիտորում»:

Ըստ հաշվետվության` արդյունաբերական աճը կազմել է 8,8%, գյուղատնտեսությանը` 9,5%, առեւտրինը` 3,6% եւ ծառայություններինը` 10,8%: Բարձր աճը պայմանավորված է  ներքին սպառողական պահանջարկի վերականգնմամբ, արտահանվող մետաղների նկատմամբ արտաքին պահանջարկով, գյուղատնտեսության համար բարենպաստ եղանակային պայմաններով: «Եթե արդյունաբերական եւ արտահանման աճը 2013թ. առաջին կիսամյակում պահպանեն իրենց բարձր մակարդակը, կարելի կլինի խոսել երկրում տնտեսության կառուցողական բարելավման մասին», - նշում են ԶԵԱԲ-ի վերլուծաբանները:

Զեկույցում նշվում է, որ 2012թ. արդյունքներով` ԱՊՀ տարծաշրջանում տնտեսական զարգացման հիմնական առանձնահատկությունը եղել է  ներդրողական պահանջարկի թուլացումը եւ արտահանման ուղղվածությամբ արդյունաբերական ոլորտներում արտադրության դանդաղեցումը: Ընդ որում, ԱՊՀ-ի բոլոր տնտեսություններում աճի  շարժիչը եղել  է սպառողական պահանջարկը:

Այդ երկրների ՀՆԱ-ների ցուցանիշների վրա անդրադարձել է 2012թ. նավթի գների աճի կտրուկ դանդաղումը: Արդյունքում ԱՊՀ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2012թ. աճել է 3,4%, որը զգալի պակաս է 2011թ. 4,7%-ից: Ընդ որում, Արբեջանում, Հայաստանում եւ Տաջիկստանում  նկատվել է աճի տեմպերի արագացում, իսկ տարածաշրջանի ավելի խոշոր տնտեսություններում` տնտեսական դինամիկայի զգալի թուլացում:

2012թ. արդյունքներով` Ադրբեջանում ՀՆԱ-ն աճել է 2,2%-ով: 

Զարգացման Եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է` հիմնադրված 2006թ. հունվարին Ռուսաստանի եւ Ղազախստանի կողմից` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն աջակցելու, նրանց կայուն տնտեսական աճի եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով: ԶԵԱԲ-ի կապիտալը գերազանցում է 1,5 միլիարդ դոլարը: Բանկի անդամներն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, ՌԴ-ն եւ Տաջիկստանը: