Հայտնի ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկիի հարազատները որոշել են նրան հուղարկավորել Լոնդոնի Հաներսբերրի գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով «Դոժդ» հեռուստաալիքը:

Հաղորդվում է նաեւ, որ հուղարկավորությունը կազմակերպելու համար Լոնդոն է ժամանել Բերեզովսկիի առաջին կինը՝ Նինա Կորոտկովան: Նման որոշում կայացնելու պատճառն այն է, որ Բերեզովսկիի ընտանիքի անդամների մեծ մասը, այդ թվում մայրը, վերջին տասնամյակում ապրում են Արեւմուտքում: բացի այդ, Հաներսբերրի գերեզմանատանն է թաղված Բերեզովսկիի ընկերը՝ փիլիսոփա Ալեքսանդր Պյատիգորսկին: Հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Բորիս Բերեզովսկիի մարմինը հայտնաբերվել է մարտի 23-ին Մեծ Բրիտանիայում իր առանձնատան լոգարանում: Փորձագետները պարզել են, որ նա մահացել է խեղդվելուց: Նրա մահվան հանգամանքների պաշտոնական ուսումնասիրությունն սկսվել է մարտի 28-ին: Բրիտանիայի ոստիկանությունը չի բացառում, որ օլիգարխի մահվանը կարող է առնչություն ունենալ երրորդ կողմը, թեեւ նրա բնակարանում բռնի մահվան փաստեր չեն հայտնաբերվել: