ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով Քննչական կոմիտեի կողմից միջազգային հետախուզման մեջ է Լոնդոնի բարձր դատարանում հայց է ներկայացրել «Մոսկվա» հյուրանոցի վերակառուցման մեջ իր գործընկերների` Սուլեյման Քերիմովի եւ Արկադի ռոտենբերգի դեմ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Եղիազարյանի փաստաբան Դմիտրի Բարաննիկովը հաստատել է հայցի փաստը` հրաժարվելով մեկնաբանություններից: Դատարանի տվյալների բազայում հայցը դեռ չի գրանցվել:

Ավելի վաղ Եղիազարյանը բազմիցս հաստատել է, որ դարձել է իր մասնաբաժնի «ռեյդերական զավթման» զոհ, որը նախաձեռնել էին Քերիմովն ու Ռոտենբերգը, նաեւ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան:

Նախկինում Եղիազարյանին հաջողվել էր հասնել Կիպրոսում Քերիմովի եւ Ռոտենբերգի ակտիվների կալանման, սակայն հետո կալանքը հանվել էր, քանի որ դատարանը հայցվորից նոր, շոշափելի հանգամանքներ չէր ստացել:

Հիշեցնենք, որ Պետդուման խարդախության մեջ մեղադրվող Աշոտ Եղիազարյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, ապա նախ դաշնային, հետո միջազգային հետախուզում հայտարարել: Լրատվամիջոցների տվյալներով, Եղիազարյանը ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում: