Մալիի բանակի անձնակազմի ուսուցման եւ վերակազմակերպման հարցերով Եվրամիության զինվորական հրահանգիչների առաքելությունն (EUTM Mali) այսօր՝ ապրիլի 2-ին, սկսել է իր աշխատանքը: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության ներկայացուցիչը: «Առաքելությունը պաշտոնապես իր պարտականությունների կատարմանն է անցել այսօրվանից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

EUTM Mali առաքելությունը Մալիում կգործի 15 ամիս, որի կազմում ընդգրկված են 550 զինծառայող, այդ թվում 200 զինվորական հրահանգիչ, ինչպես նաեւ զինվորական անձնակազմը, որն ապահովում է նրանց անվտանգությունը:

Առաքելության կազմում ներկայացված են ԵՄ 27 երկրներից 23-ի ներկայացուցիչները, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Եվրոպացի հրահանգիչներն, ընդհանուր առմամբ, կուսուցանեն Մալիի ավելի քան 2,5 հազար զինվորականների:

Նշենք, որ վերջին ժամանակներս իրավիճակը Մալիում լարվել է՝ ծայրահեղական խմբավորումների գրոհայինները երկրի կենտրոնական հատվածում հարձակվում են կառավարական զորքերի դիրքերի վրա: Հունվարի 10-ին Մալիի զորքերին օգնության են հասել ֆրասիական զորքերը: Ներկայումս Մալիում են գտնվում 4 հազար ֆրանսիացի զինվորականներ: