ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է, թե ամերիկյան հասարակական կազմակերպություններն իրենց գործունեության մեջ դուրս չեն գալիս օրենքի շրջանակներից: Այդկերպ է նա մեկնաբանել «Ամերիկայի ձայնի» հարցը` Բաքվում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի նկատմամբ Ադրբեջանի կառավարության նկրտումների վերաբերյալ:
Դիվանագիտորեն նկատելով, որ չի տիրապետում տեղեկությունների՝ պաշտոնական Բաքվի նկրտումների վերաբերյալ, Նուլանդը նշել է, թե «դրանք բոլորը ամերիկյան կողմից ֆինանսավորվող ժողովրդավարական նախագծեր են, որոնք գործում են օրենքին խիստ համապատասխան, եւ չեն ֆինանսավորում կոնկրետ որեւէ կուսակցության կամ գաղափարական գծի»: Նա նաեւ ընդգծել է, թե ամերիկյան ՀԿ-ները ֆինանսական օգնություն են ցուցաբերում ընտրական գործընթացին եւ կուսակցաշինությանը` հավասարակշռության հիման վրա:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունն ու NDI-ը հերքել էին մեղադրանքները: Հիշեցնենք, որ մարտի 10-ին Բաքվում չարտոնված հանրահավաքից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը NDI-ին մեղադրել էր ապակառուցողական գործունեության եւ տեղական օրենսդրության խախտման մեջ: Էյնուլլա Ֆաթուլաեւի Haqqin.az կայքը գրել էր, թե երիտասարդության «ֆեյսբուքյան հեղափոխության» համար ծախսվում է 2 մլն դոլար:



























