Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Բրյուսելում բարձրացվել է նախավերջին` չորրորդ մակարդակի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Բելգիայի մայրաքաղաքի վարչակազմի մամուլի ծառայությանը:
«Տվյալ որոշումը ընդունվել է Հաքիմ բենգալեմի լիկվիդացիայի կապակցությամբ հնարավոր տհաճ հետեւանքներից խուսափելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցած շաբաթ ոստիկանությունը մայրուղու վրա հետապնդման ժամանակ գնդակահարել էր 39-ամյա ալժիրցի Հաքիմ Բենգալեմին: Սպանվածի բնակավայրում խուզարկության արդյունքում մի ողջ զինանոց էր հայտնաբերվել` գրոհային հրացաններ, ատրճանակներ, պայթուցիկ սարքեր, գիշերային դիտման համակարգեր, օպտիկական նշանոցներ, փամփուշտների մեծ քանակություն:
Բենգալեմը գտնվել է հետախուզման մեջ: Բելգիայում նրան կասկածել են զինված ավազակության մեջ, Ֆրանսիայում` ահաբեկչական կառույցների անդամ լինելու: Բրյուսելում ոստիկանությունը խստացրել է պետական մարմինների, ներառյալ Արդարադատության պալատի անվտանգությունը:




























