Չինաստանն ավարտում է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշպանությունը հաղթահարելու ընդունակ հրթիռների մշակումը, ապրիլի 2-ին լրագրողներին հայտնել է ՌԴ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Եսինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ Եսինի՝ նախկին ամբողջական հրթիռների փոխարեն առանձնացող գլխամասով հրթիռների մշակումը ամերիկյան ՀՀՊ-ի ստեղծման համարժեք պատասխանն է: Նա նաեւ նշել է, որ հեռանկարում առանձնացող գլխամասերով կհագեցվեն «Դունֆեն 31» միջմայրցամաքային հրթիռները՝ ռուսական «Տոպոլների» նմանակները:

Պաշտոնաթող գնդապետը պատմել է նաեւ չինական նոր ատոմային սուզանավակների մասին, որոնց վրայի բալիստիկական հրթիռները 8 հազար կմ հեռահարություն ունեն: «Այժմ հրթիռների փորձարկումներ են տարվում»,- ասել է փորձագետը՝ հայտնելով, որ նավակներն արդեն ափամերձ ջրերում առաջադրանքի են նախապատրաստվում: