NEWS.am-ին հաջողվել է նոր մանրամասներ պարզել ՌԴ Վլադիմիրսկի մարզում վթարի հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիների մասին:

Նրանց բոլորի դիակներն արդեն տեղափոխվել են Հայաստան եւ այսօր Շիրակի մարզի 3 գյուղերում կկայանա 5 քաղաքացիների հուղարկավորությունը: Նրանք բոլորն ապրում էին վատ պայմաններում եւ մեկնում էին Ռուսաստանի Իվանովի շրջան` շինարարությունում աշխատելու նպատակով:

Մեզ հաջողվեց պարզել, որ վթարի հետեւանքով տուժած 50-ամյա Սասունիկ Սարգսյանը Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից է: Սպանդարյանի գյուղապետ Վաղինակ Բաղդասարյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նրա հուղարկավորությունը կկայանա այսօր: Սասունիկ Սարգսյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր եւ երկու որդի, նա թոռներ ուներ:

Եղբայրներ` 25-ամյա Արթուր եւ 26-ամյա Արտեմ Խաչատրյանները Սարալանջ գյուղից են: Սարալանջի գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արտեմն ամուսնացած էր, երեխան 3 ամսական է, իսկ Արթուրը ամուսնացած չէր, նրանք ապրում էին ծնողների հետ, ունեն կրտսեր եղբայր: Նրանք նախկինում եւս մեկնել էին արտագնա աշխատանքի, բայց տարբեր տեղեր էին գնացել, այս տարի որոշել էին գնալ Իվանով: Նա նաեւ նշեց, որ համայնքի ժողովուրդը իր ցանկությամբ գումար է հավաքել, որպեսզի օգնի ընտանիքներին»

Վթարի հետեւանքով տուժած 32-ամյա Զոհրապ Ավագյանը Նահապետավան գյուղից է: Գյուղապետ Գոռ Պետրոսյանը նշեց, որ Զոհրապ Ավագյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր: Նա ունի 4 քույր եւ մեկ եղբայր, որոնցից երեք ամուսնացած են, իսկ մյուսը` ոչ, վերջինս  հաշմանդամություն ունի:

33-ամյա Վարդան Վարդանյանը ծնունդով Նահապետավանից է, սակայն ապրում էր Արթիկում, նա եւս ամուսնացած է, ունի երկու երեխա` 3 եւ 1,5 տարեկան:

Վթարի հետեւանքով ողջ մնացած միակ ՀՀ քաղաքացին` հիվանդանոց տեղափոխված 47-ամյա Արմեն Վարդանյանը, եւս Նահապետավանից է: Գյուղապետը զրուցել է վերջինիս հետ, նրա վիճակը բավարար է,կյանքին վտանգ չի սպառնում: Վերջինս ամուսնացած է, ունի 3 դուստր, դեպքից հետո կնոջը ճանապարհել են մոտը, որ խնամի:

Գոռ Պետրոսյանը նշեց, որ վթարի հետեւանքով զոհվածների դիակները հիմնականում չեն պահպանվել, նրանք ողջ-ողջ այրվել են, հետեւաբար` դագաղները չեն բացի: Գյուղապետն ասաց, որ հնարավոր է Սասունիկ Սարգսյանի դագաղը բացեն, քանի որ վերջինս չէր այրվել, դուրս էր թռչել մեքենայից, հնարավոր է նաեւ Խաչատրյան եղբայրներից մեկի դագաղը բացեն, նրա դեմքի մի մասն էր այրվել: Մյուս երեք մահացածների դագաղները հնարավոր չի բացել, որովհետեւ «ոչինչ չկա պահպանված, հագուստի գույներով հարմարացրել են, տեղավորել եւ տեղափոխել, այլ ճանաչողական բաներ չեն պահպանվել»:

Նշենք, որ ընտանիքներին 200 հազար դրամի չափով օգնություն է տրամադրել Շիրակի մարզպետը, 100 հազարական դրամով օգնել են տվյալ համայնքի ղեկավարները: Դրանից բացի`  համայնքի մարդիկ եւս գումար են հավաքել եւ փոխանցել ընտանիքներին, իսկ դիակների փոխադրման հարցերով օգնել է Վլադիմիրսկի հայ համայնքը: Հնարավոր է, Կառավարությունը եւս օգնություն տրամադրի տուժածների ընտանիքներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 9-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին, ժամը 18.57-ին Գյումրի-Մոսկվա թիվ НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են Մոսկվա:  Ճանապարհին` Վլադիմիրի մարզի Պետուշինսկի շրջանի Բոլդինո բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Պատահարի հետեւանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի, որոնցից ՀՀ քաղաքացի` «ԳԱԶել» մեքենայի վարորդ, 1966 թ. ծնված Արմեն Վարդանյանը հոսպիտալացվել է Պետուշկի քաղաքի բժշկական կենտրոն։ Դժբախտ պատահարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ` 1981 թ. ծնված Զուրաբ Ավագյանը, 1963 թ. ծնված Սասունիկ Սարգսյանը եւ Արթիկի բնակիչ` 1980 թ. ծնված Վարդան Վարդանյանը տեղում մահացել են։ Պարզվել է, որ զոհվածների թվում կան եւս 2 ՀՀ քաղաքացիներ` 1988 թ. ծնված Արթուր եւ 1987 թ. ծնված Արտեմ Խաչատրյանները: