Կրթությունը կլինի Երեւանի ավագանու ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը ներկայացնող, ավագանու թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Անցած տարիների ընթացքում արդեն լուծվել է քաղաքի բոլոր դպրոցների եւ մանկապարտեզների ջեռուցման խնդիրը, հիշեցրել է նա` Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների մոտ ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ 30 հազար երեխաներ անվճար են հաճախում մանկապարտեզ: «Մեր ուշադրության կենտրոնում կլինեն ուսումնական բոլոր հաստատությունները: Մենք մեր երեխաներին այնպիսի կրթություն պետք է ապահովենք, որ վաղն առանց երկմտելու նրանց վստահենք մայրաքաղաքը»,- հայտարարել է Տ. Մարգարյանը:
Նա հույս է հայտնել, որ մայիսի 5-ին իրենց ընտրության մեջ բնակիչներն առաջին հերթին ուշադրություն կդարձնեն կատարված աշխատանքներին եւ ծրագրերին, որոնք արտացոլում են հասարակության շահերը: «Այս ծրագիրը մենք անպայման կիրականացնենք»,- ավելացրել է Տ. Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիս 5-ին: Ընտրված ավագանին կընտրի քաղաքապետին: Ընտրություններին մասնակցում են 6 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք:




























