ՀԱԿ դաշինքի անդամ «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ»  կուսակցությունը եւս հրավիրված չէր  ՀԱԿ հիմնադիր համագումարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը:

Նա չգիտի իրենց չհրավիրելու պատճառը: Հարցին, թե կարող է դուք պատրաստ չեք ՀԱԿ-ի հետ համագործակցել, դրա համար էլ չեն հրավիրել, նա պատասխանեց, որ իրեն այդպիսի հարց ոչ ոք չի տվել, եթե տան կպատասխանի, իսկ երբ այդ հարցը ուղղեցինք, ամեն դեպքում, չպատասխանեց:

Անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականներին` Րաֆֆի Հովհաննիսյանի, ավագանու ընտրությունների մասին, Սոս Գիմիշյանը նշեց, որ ՀԱԿ-ը ժամանակին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել են, բացարձակապես այդպիսի մոտեցում չեն ունեցել (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ նախագահ դառնալու լավագույն ճանապարհը Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելն է): Նա քաղաքականության մեջ կարեւորեց հետեւողականությունը եւ թե ինչքանով շիտակ, ճիշտ ես մոտենում հարցին: «Ես հասկանում եմ, որ այսօր այսպես ասած ընդդիմադիր կոչվող քաղաքական ուժերը` ՀՅԴ, ԲՀԿ  եւ ՀԱԿ խանդով են վերաբերում այն պրոցեսներին, որոնք «Ժառանգության» շուրջն են տեղի ունենում, հիմնական գնահատականները այդտեղից են բխում: Իրենք հիմա ավելի շատ երազում են, որ «Ժառանգությունը» տապալվի, տեղը ազատվի, իրենք գան հրապարակը գրավեն, բայց ես կարծում եմ, որ  եթե նույնիսկ «Ժառանգությունը» տապալվի,այդ երեք ուժերից ոչ ոք չի կարող հրապարակը գրավել»,-ասաց Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ 5 տարի 18 կուսակցություններ բավականին հաջող պայքար վարեցին, բայց անարդյունք եղավ, որովհետեւ կարեւոր բաներ պակասում էին այդ շարժմանը: «18 կուսակցություն չկարողացավ ինչ-որ բանի հասնել, ՀՀՇ-ն առավելեւս,  այդ 18 կուսակցությունների մեջ ժողովուրդի կողմից ամենավատ ընկալում ունեցող քաղաքական ուժն է եղել, այնպես որ ՀՀՇ-ն շատ ավելի քիչ այդ հնարավորությունը ունի լրջորեն հավակնի ընդդիմադիր առաջնորդ առաջատար քաղաքական ուժի, անունը փոխվելով` որեւէ բան չի փոխվի»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Նա նշեց, որ ՀԱԿ դաշինքը շարունակվում է մնալ, իրենք սպասում էին, որ իրենց միջոցառումը լինի, չխանգարեն իրեն, վերջացնեն իրենց անվանափոխության շոուն,  հետո իրենք անդրադառնան իրենց գործունեությանը. «Իհարկե ՀԱԿ-ը կա, կուսակցությունների հետ պարբերաբար հանդիպում ենք, գործարքը ավարտվի, հետո մեր աշխատանքները կվերսկսենք, կանենք մեր հայտարարությունը, կերեւա: Մոտեցումը հետեւյալն է, որ պետք է պահպանենք դաշինքը, դիմենք գնացած կուսակցություններին` վերադառնալու առաջարկով, փորձենք նորից վերսկսել մեր  գործունեությունը, որովհետեւ  5 տարի առաջ նպատակաների հռչակագիր էինք ընդունել, դրանց չենք ահսել, այդ նպատակներին հասնելու համար պետք է փորձել պայքարել»,- ասաց կուսակցության ղեկավարը: