Գագիկ Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեւէ  անանջատելի կապով որեւէ մեկի հետ կապված չեն եղել, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ մեր գործունեության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Սերժ Սարգսյանը ում ինչ է ներելու, ինչ չէ ներելու, ես կոմպետենտ չեմ պատասխանելու, դա իր կողմից լիազորված անձանց է պետք հարցնել, ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա պարոն Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեւէ անանջատելի կապով որեւէ մեկի հետ կապված չեն եղել, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ մեր գործունեության համար»,- ասաց մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ հիմնադիր համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանը հիշաչար է եւ չի ներելու Գագիկ Ծառուկյանին` իր երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար:

Նա նշել էր, թե «Գագիկ Ծառուկյանը, որը փորձում է պոկվել իշխանություններից,  նրա բոլոր քայլերը դա են ցույց տալիս, դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություներին չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, իսկ այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: «Ինչպե՞ս կարելի է վանել մեկին,  որը  պայքարում է այդ չարիքի դեմ:  Ես չեմ բացառում, որ  առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է  հենց  ԲՀԿ-ն, որովհետեւ Սերժը զգում է այդ վտանգը, թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որը ունեցավ խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ այս օրինակը խիստ վարակիչ կարող է լինել»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: