ԲՀԿ –ի ընդդիմախոսները փորձում են խեղաթյուրել իրականությունը` պնդելով, որ Երեւանի ավագանուն առաջիկա ընտրությունները քաղաքականության հետ կապ չունեն: Այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` այսօր Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանը:

«Անհեթեթ է պնդելը, թե այս ընտրությունները քաղաքական բնույթ չունեն: Դա թելադրված է նրանով, որ քաղաքական ուժը պատրաստ չէ պատասսխանատվություն ստանձնել անցած հինգ տարվա գործունեության համար»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը նշեց, որ հինգ տարվա ընթացքում ավելի քան 200 հազար քաղաքացի լքել է երկիրը, աղքատության մակարդակը աճել է մինչեւ 36%-ի, արտաքին պարտքի չափերը սպառնում են ազգային անվտանգությանը:

Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց միջոցների նպատակաուղղված ծախսման խնդիրը: Նրա խոսքով` ասֆալտապատման, մրցույթներն ամեն տարի շահում է որոշակի ընկերություն, իսկ թափառական շների ստերիլացման եւ ոչնչացման համար հատկացվում է 220 մլն դրամ, գրեթե երեք անգամ ավելի, քան վերելակների նորոգման համար. «Միջոցներ են հատկացվում ՀՀԿ-ից կոնկրետ պատգամավորի կոնկրետ բիզնեսի համար»:

Նշելով, որ երկիրը բազմաթիվ խնդիրներից կարճ ժամկետում ոչ ոք հանել չի կարող, Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա եւ կոչ արեց չհավատալ, որ արդյունքը կանխորոշված է:

Իր հերթին, նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնող Վարդան Օսկանյանը հայտարարեց , որ ԲՀԿ-ն կաշխատի առաջնորդվելեվ երեք սկզբունքներով` նվիրելով իրեն աշխատանքին, աշխատելով ի նպաստ երկրի եւ քաղաքի շահերի եւ ի նպաստ քաղաքացիների համար արժանապատիվ կյանքի ստեղծման: