Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլի 14-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին մասնակցել է համաքաղաքային ծառատունկին, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Ծառատունկի Տ. Մարագարյանը մասնակցել է Նոր Նորքի Հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքում, ինչպես նաեւ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում: Ի դեպ, գեղեցիկ անտառպուրակ ստեղծելու նպատակով, այս տարածքը ևս ապահովվել է ոռոգման համակարգով: Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով այստեղ շուրջ 9000 մետր ոռոգման նոր ցանց է անցկացվել:

Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի և Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսն այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչն, ի դեպ խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է:

Իսկ մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով այս տարի մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ և թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ: