Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ողջ գործընթացի արդյունքում Թուրքիան միջազգային հանրության աչքում անլուրջ գործընկերոջ կերպար է ձեռք բերել եւ շարունակում է խորացնել այդ տպավորությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Այդուհանդերձ, Թուրքիայի պաշտոնատար անձինք, մասնավորապես, ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, ժամանակ առ ժամանակ ոչ ճշմարտանման հայտարարություններ է անում՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու իրենց ցանկության մասին, սակայն իրականում Թուրքիայի բոլոր քայլերը ապակառուցողական են եւ այդ հարաբերությունները փակուղի են մտցրել»,-հայտարարեց թուրքագետը:
Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, ապա, ըստ փորձագետի, Թուրքիայի քաղաքականությունն այդ հարցում նույնպես ոչ մի փոփոխություն չի կրել: «Իր քայելորվ թուրքական կողմը զգալիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այսինքն կարելի է վստահաբար ասել, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ճանապարհին զգալի խոչընդոտ է թուրք-ադրբեջանական տանդեմը»,-ամփոփեց նա:




























