ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովներն սկսել են արտասահմանում գտնվող ռուսական ռազմակայանների ստուգումը, ապրիլի 15-ին լրագրողներին հաղորդել է տարածաշրջանի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Իգոր Գորբուլը:

«Հարավային ռազմական օկրուգի հավաքական հանձնաժողովներն սկսել են Աբխազիայի, Հայաստանի եւ Հարավային Օսիայի հանրապետություններում տեղակայված ռուսական ռազմակայանների ստորաբաժանումների ստուգումը»,- ասել է նա: Ստուգումների շրջանակում Աբխազիայի Ցաբալ եւ Նագվալոու դիրքերում կանցկացվեն լեռներում եւ ծովային հատվածում պաշտպանողական մարտեր մղելու տակտիկական վարժություններ, իսկ Աբխազիայի Т-90А տանկերի անձնակազմերը Կրասնոդարի տարածաշրջանի դիրքերում հայտնվող եւ շարժական թիրախների վրա մարտական կրակային վարժություններ կիրականացնեն եւ  հատվող տարածքներում կտեղաշարժեն տանկերը:

«Հայաստանում Ալագյազ եւ Կամխուդ բարձրալեռնային զորավարժային համալիրներում ստուգումների շրջանակում մոտոհրաձգային, տանկային, հրետանային եւ հետախուզական ստորաբաժանումները կանցկացնեն հատուկ տակտիկական վարժություններ, որի հիմնական նպատակը կդառնա բարձրալեռնային եւ լեռնային վայրերում ստորաբաժանումների մարտական պատրաստվածության գնահատումը»,- ասել է նա:

Ռազմական տարածաշրջանի հանձնաժողովների աշխատանքների ընթացքում նաեւ կստուգվեն զենքի եւ ռազմական տեխնիկայի վիճակը, զինվորական կարգապահությունը եւ իրավապահությունը, մարտական պատրաստվածության կազմակերպման որակը, զորքի գործունեության բազմակողմանի ապահովումը: «Հատուկ ուշադրություն է դարձված հակաահաբեկչական գործունեության կազմակերպմանը եւ անձնակազմի ֆիզիկական պատրաստվածությանը»,- ասել է սպան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: