Երեւանում, ապրիլի 9-ին, բողոքի ակցիաների ժամանակ իրավիճակը փրկեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով, բացի այն, որ անձամբ ներկա է եղել Բաղրամյան պողոտայում, նայել է նաեւ ինտերնետում տեղադրված տեսագրությունները: Արդյունքում, կարող է վստահությամբ ասել, որ հենց շնորհիվ Գասպարյանի գործողությունների հնարավոր եղավ խուսափել լուրջ բախումներից: Իսագուլյանը նկատել է, որ Գասպարյանը հայտնվեց ամենալարված պահին, անցավ առաջին գիծ եւ կարողացավ կանխել սրումը. «Ավելին, նա ուղղորդեց հավաքվածներին, որոնք, փաստացի, առանց առաջնորդի էին մնացել: Այդ օրը հանրահավաքի մասնակիցներն ավելի հեղափոխական էին տրամադրված, քան՝ կազմակերպիչները: Եւ այդ պատճառով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հետագայում խնդրի բախվեց, մարդկանց պետք էր վերադարձնել Ազատության հրապարակ ապրիլի 12-ին: Այդ նպատակով էլ Հովհաննիսյանը Մոսկվա մեկնեց: Ես հավատում եմ, որ նա մասնավոր այցով է մեկնել, եւ որեւէ պաշտոնյայի հետ հանդիպում չի եղել: Պարզապես նա ցանկացավ ինտրիգ մտցնել, որ ապահովի մարդկանց ներկայությունը հանրահավաքին»,- ասել է Իսագուլյանը:
Իսագուլյանը նաեւ կարծում է, թե «նախագահի ընտրությունները չեն ամրապնդել Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության դիրքերը: Դրա վկայությունը կդառնա Երեւանի ավագանու ընտրությունը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վլադիմիր Գասպարյանը միասին երթով գնացել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ այնտեղ մոմ վառել:




























