Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կվերսկսի մարզային այցերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգության» մամուլի ծառայության ղեկավար Լիլիթ Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցերը մեկնարկում են ապրիլի 19-ին: Այս պահին քննարկվում է մարզային այցերի օրակարգն ու աշխարհագրությունը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես խոստացել էր Երեւանում կայացած նախորդ հանրահավաքի ժամանակ, կրկին մտադիր է մարզային հանդիպումներ անցկացնել»,-ասաց Սարուխանյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակում վերջին հանրահավաքի ժամանակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ապրիլի 19-ին ավանդական ուրբաթօրյա հանրահավաքի փոխարեն տեղի կունենա հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր Երեւանի ավագանու ընտրություններում աջակցում են ընդդիմադիր «Բարեւ Երեւան» դաշինքին:
Նախնական տվյալներով, այդ հանդիպումը տեղի կունենա «Անի» հյուրանոցի սրահներից մեկում:




























